Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Գազային թալանն ու «աթոռավորների» աշխատավարձերը

Գազային թալանն ու «աթոռավորների» աշխատավարձերը
13.12.2013 | 12:00

Չնայած երկրում այլևս չի գործում հսկա էներգատարողություն ունեցող արտադրական ձեռնարկությունների երբեմնի հզոր համալիրը, այնուհանդերձ, այսօր էլ քիչ չեն էլէներգիայի պահանջարկն ու սպառման ծավալները: Դա, թերևս, արդյունք է նաև վերջին տարիներին մեծ թափ ստացած և արագ զարգացող ոչ արտադրական (առևտուր, կենցաղսպասարկում, ռեստորանային, հյուրանոցային, զվարճարանային, առողջա-մարզական հսկա համալիրներ) բիզնեսի, նրա ծավալների աննախադեպ ընդլայնման ու տարածման:
Այսօր էլէներգիայի սպառման ծավալների շարունակական աճը, բնական գազի թանկացումը, բնականաբար ֆինանսական լրացուցիչ ծախսեր են պահանջում նրա արտադրման և մատակարարման ոլորտում: Սակայն իշխանություններն այդ ավելացող հավելյալ ծախսերին ոչ համապատասխան չափով են բարձրացնում էլէներգիայի սակագինը, դրանով իսկ էլ ավելի աղետալի և անմխիթար վիճակի հասցնում հանրության սոցիալապես առավել անապահով խավին: Խավ, որը մշտապես և մեծ հույսով է ակնկալում իշխանությունների օգնությունը, և ոչ միայն այդ հարցում: Եվ իրոք, եթե ՀՀ իշխանությունները շատ թե քիչ մտահոգված լինեին այդ խավի ճակատագրով և պատրաստ լինեին գոնե որոշ չափով թեթևացնելու նրա ֆինանսական ծանր բեռը, ապա առանց որևէ դժվարության կարող էին էլէներգիայի մատակարարումը (վաճառքը) իրացնել դիֆերենցված սակագնային սկզբունքով, ինչպես դա արվեց 1996-97 թվականներին:
Սակայն, մինչ վերոհիշյալ սակագնային սկզբունքին անցնելը, սոցիալապես առավել խիստ անապահով խավին ֆինանսապես օգնելու նպատակով իշխանությունները (եթե, իրոք, անկեղծորեն ցանկանում են) կարող են նրանց մատակարարվող ամսական էլէներգիայի սկզբի 200 կՎտ.ժ առաքել անվճար, ինչը հանրությունը կընկալի որպես արդարության, հոգատարության և բարի կամքի դրսևորում այդ խավի նկատմամբ, ամսական ավելացնելով նրա աղքատիկ բյուջեն ոչ փոքր գումարով` 7600 դրամով:
Այսօր հետադարձ հայացք գցելով գազի սակագնի բարձրացման հետ կապված, դեռևս շատ ամիսներ առաջ (ամռան սկզբից) իշխանությունների բարձրացրած մեծ աղմուկ-աղաղակի` Ռուսաստանից ներկրվող գազի գնի իբր մինչև 70 % բարձրացման, նրա չափի կրճատման կամ սուբսիդավորման ուղղությամբ ընթացած «ծանր և դժվարին» բանակցությունների վերաբերյալ հնչած ասեկոսեների, նաև պաշտոնական անձանց (հաճախակի իրարամերժ) հայտարարությունների և հարցազրույցների ոչ համոզիչ և ոչ արժանահավատ փաստերի և փաստարկների տրամաբանական վերլուծությունից հետո, ցավոք, հանգում ես այն եզրակացության, որ, թերևս, այդ բոլորն «արհեստավարժ» իշխանությունների կողմից ուղղակի լավ մտածված և կազմակերպված բեմադրություն-շոու էին, որտեղ հիմնականում իշխում էր լուրերի և իրադարձությունների ապատեղեկացում, մարդկանց մտքերի շեղում բուն նյութից, խուճապ և տագնապի ներշնչում ու տարածում, կապված գազի աննախադեպ թանկացման հետ:
Կարծում եմ` լրատվական այս բոլոր շինծու հնարքների գերագույն և վերջնական նպատակն էր ներկրվող գազի գնի մոտալուտ, կտրուկ բարձրացման (թերևս մոգոնած) անվիճելի փաստի հարմար պահն ու առիթը օգտագործել առավելագույնս բարձրացնելու նաև էլէներգիայի առանց այն էլ բարձր սակագինը:
Հանրության, հատկապես լրատվամիջոցների ուշադրությունը խիստ սևեռված էր գազի թանկացման, նրա սուբսիդավորման (տարեկան մոտ 130 մլն դոլար) աղբյուրների` մեր իշխանությունների ամիսներ շարունակ արկածային փնտրտուքների վրա ¥նպատակ ունենալով` իբր չբարձրացնելու գազի գինը մեր ներքին շուկայում, անգամ Որոտանի ՀԷԿ-ը Ռուսաստանին հանձնելու մասին), ժողովուրդը այն աստիճանի էր կորցրել իր զգոնությունն ու զգաստությունը, որ չընկալեց, թե ոնց, Ռուսաստանի դեռևս չթանկացրած գազի սուբսիդավորումը հայրենի իշխանություններն արդեն իսկ իրականացրել էին հենց մեր քաղաքացու հաշվին` բարձրացնելով էլէներգիայի սակագինը ամբողջ 26 %-ով (8 դրամով) և գազինը` 18 %-ով (24 դրամով), ինչից գոյացած հավելյալ վճարների մուտքը բյուջե տարեկան կկազմի ավելի քան 150 մլն դոլար, ավելին, քան իշխանությունները նախատեսում էին գազի սուբսիդավորմանը:
Հետաքրքիրն այն է, որ գազի և էլէներգիայի սակագների պաշտոնական բարձրացումից անգամ շաբաթներ անց մեր լրագրողներն ասես իներցիայով, թե իրենց միամտության ու անտեղյակության պատճառով էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանի հետ հարցազրույցների ժամանակ շարունակում էին հետաքրքրվել գազի իբր դեռևս «չլուծված» սուբսիդավորման ճակատագրով, նրանից ստանալով նույն «ժպտադեմ» պատասխանը. «Բանակցությունները Ռուսաստանի հետ դեռևս շարունակվում են»։
Ի դեպ, շատերին է հայտնի, որ այսօր արդեն գազը մեր քաղաքացուն վաճառվում է մոտ 385 դոլարով` (1000 խմ-ի հաշվարկով), չհաշված ամենամսյա սպասարկման վարձը, ինչպես նաև գազի ցածր որակը:
Սակայն զավեշտալին այն է, որ իշխանությունների «քրտնաջան» և «բուռն» գործունեությունից հետո «հանկարծ» պարզվեց, որ Ռուսաստանը չի բարձրացնում և նպատակ էլ չի ունեցել բարձրացնելու գազի գինը։ Հետևապես չկա անհրաժեշտություն սուբսիդավորելու այն, առավել ևս հանրության գրպանից:
Իսկ դա նշանակում է, որ եթե մեր իշխանություններն իրոք «սխալվել» և «շտապողականություն» են ցուցաբերել` անհիմն բարձրացնելով էլէներգիայի սակագինը, երբ սահմանի վրա գազի գինը դեռևս չի էլ բարձրացել կամ էլ բարձրացել է չնչին չափով, ապա բանականությունը հուշում է, որ էլէներգիայի սակագինը պետք է վերահաշվարկվի և բերվի իրականին մոտ չափի, ներկայիս 38 դրամի փոխարեն:
Իսկ իշխանությունների` գազի գնի «խոստացած» 70 %-ի փոխարեն այսօրվա 18 % բարձրացումից հետո, էլէներգիայի սակագինը կբարձրանա ոչ ավելի, քան մեկ կամ առավելագույնը` երկու դրամով:
Այսքանից հետո վայրկյան անգամ չի կարելի կասկածել, որ իշխանությունների տևական գործունեությունն իրոք կանխամտածված խաբեությունների ¥բլեֆի¤ և բազմազան հնարքների շարան էր: Մնում է միայն կռահել, թե ինչ նպատակի է ծառայելու ժողովրդի հերթական, այս ոչ փոքր կողոպուտը:
Սակայն այդ գաղտնիքը իրեն երկար սպասել չտվեց, և պարզվեց, որ իշխանությունները այդ «դյուրին վաստակած» կամ ավելի շուտ` «գտած» գումարը ուղղում են հենց իրենց անձնական նեղ շահերին ծառայեցնելու նպատակին` կտրուկ բարձրացնելու հատկապես բարձրաստիճան իշխանավորների աշխատավարձը, երբ մեր ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը շատ վաղուց, գուցե և անդառնալիորեն հատել է աղքատության և թշվառության շեմը:
Իհարկե, բարձրաստիճան իշխանավորների աշխատավարձերի բարձրացմանը հատկացվող գումարը (35 մլդ դրամ, մոտ 86 մլն դոլար) պակաս է վերը նշված էլէներգիայի հավելյալ վճարների բյուջե մտնող գումարից, սակայն չի բացառվում, որ մենք ականատես կլինենք մնացած գումարներով իշխանությունների նոր, նման «ինքնասպասարկման» և «ինքնապարգևատրման» ակնկալիքներին` նվիրված իրենց սեփական անձին:
Կարծում եմ` շուտով մեր հանրությունը կիրազեկվի, կհասկանա և կհամոզվի, որ ինքը խաբվել է էլէներգիայի և գազի սակագների անհիմն բարձրացման առումով և կփորձի արգելակել նրանց բարձրացումը, դրանով իսկ կզսպի իշխանական բարձրաստիճան պաշտոնյաներին` սեփական աշխատավարձերի կտրուկ բարձրացման գայթակղությունից և ախորժակից:
Վերջում տեղեկացնեմ, որ սոցիալապես առավել անապահով խավին (շրջանառվող վիճակագրական տվյալներով` այն կազմում է մոտ 100 հազար մարդ) ամսական 200 կՎտ.ժ էլէներգիայի անվճար մատակարարմանը (սպառմանը) համարժեք գումարը կկազմի 760 մլն դրամ (մոտ 1,9 մլն դոլար) կամ տարեկան ընդամենը 22,5 մլն դոլար, ինչը այսօր ֆինանսական շատ և շատ մեծ օգնություն կլինի այդ խավին:
Եթե իշխանությունների գնահատմամբ 20 հազար գործազուրկներին` 18 հազար դրամի նպաստը (տարեկան մոտ 10,6 մլն դոլար) անարդյունավետ համարվեց, առավել ևս, որ նրա 94 %-ը փոշիացվում էր (վարչապետի խոսքերը), ապա էլէներգիայով փոխհատուցվող այս օգնությունը 100 %-ով անկորուստ կհասնի իր իսկական նպատակին, քանզի այն անմիջապես կմտնի նրանց բնակարանները, դրանով իսկ զգալիորեն կրճատելով առավել խոցելի խավի բանակը:


Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Հ. Գ.- Մինչ հոդվածս կհասներ խմբագրություն, Հայաստան ժամանեց Ռուսաստանի նախագահը։ Պարզվեց, որ Հայաստանը Ռուսաստանին պարտք է մոտ 300 մլն դոլար, որը կուտակվել է իբր 2011 թվից գազի գինը սահմանի վրա բարձրացնելուց հետո։ Շատ կասկածելի և ոչ համոզիչ է պարտքի այդքան մեծ գումարը։ Եթե գազի գինը սահմանի վրա եղել է 189 դոլար ¥ինչպես պնդում են մեր իշխանությունները¤ և բնակչությանն այն վաճառվել է մինչ այս տարվա կեսը 326 դոլարով, այնուհետև` 385 դոլարով, ապա ինչպե՞ս կարող է երկուսուկես տարվա ընթացքում այդքան պարտք կուտակվել։ Ընդհակառակը, այն պետք է որ շահութաբեր լիներ «ՀայՌուսգազարդին»։ Արդյոք այդ պարտքը չի՞ գոյացել ժողովրդին անհայտ մի ուրիշ գործարքից։
Ինչևէ, հուսանք, որ վաղը չենք լսի ավելի մեծ պարտքի առկայության մասին։

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ